Վեպի առաջին իսկ տողերից պատանի ընթերցողի երևակայությունը բռնկվում է ծովային արկածների կարոտով: Գիրքը լույս է տեսել 1883թ. Լոնդոնում: Ով ով Սթիվենսոնը գիտեր` ինչով է սնվում արկածասեր մանկան միտքը. «Գանձերի կղզուց» ընդամենը երկու տարի անց (1885) լույս է տեսնում մանկական լավագույն ժողովածուներից մեկը` Սթիվենսոնի «Մանկան բանաստեղծությունների պարտեզը»: Վեպի գլխավոր հերոսը Ջիմ Հոքինսն է: Նրա մայրը «Ադմիրալ Բենբոու» պանդոկի տիրուհին է: Այստեղ էլ մի օր հայտնվում է սոսկալի մի հյուր` ծովագայլ Ֆլինթը: Տղային նա գումար է տալիս, որի դիմաց պահանջում է զգուշացնել, եթե որևէ մեկը հարցուփորձ անի իրենից: Եվ չնայած նրա զգուշավորությանը, օրերից մի օր հայտնվում են ծովահեններ Կույր Փյուն, Սև շունը և այլ ծովային ավազակներ, որոնք ներխուժելով «Ադմիրալ Բենբոու», սկսում են փնտրել Ֆլինթի փաստաթղթերը: Ջիմը, պանդոկը լքելուց առաջ հասցնում է իր հետ վերցնել Ֆլինթի փաստաթղթերը, այդ թվում նաև մի քարտեզ, որի վրա նշված է լինում, թե որտեղ են թաղված ծովահեն Ֆլինթի անհամար գանձերը… Բժիշկ Լիվսին ու ագարակատեր Թրելոնին որոշում են իրենք գտնել թաքցրած գանձերը… Այսպես սկսվում են պատանի Ջիմի զարմանալի ծովային արկածները…
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Ես շատ քաղցած էի և որոշեցի խնձոր ուտել: Տակառում ընդամենը մի քանի խնձոր էր մնացել, և ստիպված էի մեջը մտնել, որ կարողանայի խնձորներին հասնել: Հսկա տակառում մութ էր ու տաք: Այդ օրը շատ էի աշխատել և սաստիկ հոգնած էի: Այնպես որ կուչ եկա և նավի կողերին խփվող ալիքների ճոճքից շուտով քնեցի:
* * *
Կեսօրին, երբ արևն անխնա այրում էր, դաշույններով զինված չորս ծովահեններ անցան ցանկապատն ու խմբվեցին ամրոցի մոտ: Անտառից լսվեցին հրացանների կրակոցներ: Ի պատասխան մերոնք նույնպես կրակեցին: Չորս կողմը ծուխ էր: Վիրավորների գոռոցները խառնվել էին կրակոցներին: Ես մի թուր ճանկեցի ու դուրս վազեցի` դիմավորելու ծովահեններին:
* * *
Այդ երեկո ես ու բարեկամներս փառավոր ընթրեցինք: Սիլվերը մեզնից առանձնացել էր, բայց նա էլ ուտում էր ախորժակով և ժամանակ առ ժամանակ միանում էր մեր ուրախությանը: Նա նորից դարձել էր նույն քաղաքավարի ու ժպտերես մարդը….
* * *
Հանկարծ նավակը մի կողմի թեքվեց, և ես հայտնվեցի ուժեղ հոսանքի մեջ: Նավակի հատակին պառկած` աղոթում էի Տիրոջը, որ փրկի իմ կյանքը: Ալիքները նավակս բաց ծով քշեցին: Ես սարսափած էի, բայց նաև այնքան ուժասպառ, որ ինքս էլ չիմացա` ինչպես քնեցի: Երազիս տեսա մեր տունը և «Ծովակալ Բենբոու» պանդոկը: