Շապիկի նկարը Ջոն Թենիելի

Լուիս Քերոլ, Ալիսը Հրաշքների աշխարհում

Լուիս Քերոլի անմոռանալի վիպակը միաժամանակ զարմանալի խաղ է, քանի որ պատմության հերոսներից շատերը խաղաթղթեր են` Փոսիկի թագուհին, վալետը, զինվորները: Այս իրողությունը Ալիսը բարձրաձայն փաստում է երկու անգամ. մեկ երբ հուսահատության պահին փորձում է ինքն իրեն սիրտ տալ, մեկ էլ երբ վրդովվում է իր հանդեպ ցուցաբերած անարդարացի վերաբերմունքից. «Դուք խաղաթղթերի մի կապուկ եք և ուրիշ ոչինչ»,- բացականչում է աղջիկը: Պատահական չէ, որ Քերոլի հեքիաթ վիպակը ներշնչանքի աղբյուր է եղել մի շարք սեղանի խաղերի համար: Մինչ պատմության թղթեղեն հերոսները վարում են իրենց արտառոց, բայց որոշակի կանոններով ընթացող խաղը, Քերոլ հեղինակը հետևում է նրանց վիպական ժամանցին` անձամբ տրվելով զանազան բառախաղերի: Խաղի գլխավոր կանոնը տրամաբանության բացարձակ հերքումն է ու լեզվական արկածախնդրությունը: Գիրքը հասցեագրված է ամենատարբեր տարիքի նրբամիտ և «խաղամոլ» ընթերցողների

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

Ալիսը կյանքում երբեք այդպիսի արտառոց խաղադաշտ չէր տեսել: Ամենուրեք թմբեր էին ու ակոսներ: Քրոքեթի գնդակները կենդանի ոզնիներ էին, մուրճիկները՝ կարմրաթև թռչուններ, իսկ դարպասների փոխարեն զինվորները երկծալ ու չորեքթաթ հենվել էին գետնին:

***

— Ասացե՛ք, խնդրեմ, — փոքր-ինչ երկչոտ հարցրեց Ալիսը, — ինչո՞ւ եք ներկում վարդերը:

Հինգնոցն ու Յոթնոցը լուռ նայեցին Երկուսնոցին: Երկուսնոցը ցածր ձայնով բացատրեց.
— Գիտե՞ք ինչ, փոքրի՛կ օրիորդ, այստեղ պետք է կարմիր վարդենի լիներ, իսկ մենք սխալմամբ սպիտակն ենք տնկել, և եթե Թագուհին նկատի, գլխատել կտա բոլորիս: Դրա համար էլ, ինչպես տեսնում եք, մենք մեր ձեռքից եկածն անում ենք նախքան նրա գալը…

***
— Դուք ձեզնից ի՞նչ եք ներկայացնում,— բղավեց Ալիսը (նա արդեն իր նախկին հասակն էր ընդունել), — դուք խաղաթղթերի մի կապուկ եք և ուրիշ ոչինչ:
Այդ վայրկյանին կապուկն օդ բարձրացավ ու թռավ աղջկա վրա: Ալիսը կես վախեցած, կես բարկացած մի սուր ճիչ արձակեց և փորձեց պաշտպանվել, բայց հանկարծ տեսավ, որ պառկած է գետափին, գլուխը դրած քրոջ ծնկին: Ավագ քույրը քնքշորեն հեռացնում էր ծառերից թափվող չոր տերևները նրա դեմքից:

.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով