Անտարես հրատարակչության գրքի շապիկը

Ջոնաթան Սվիֆտ, Գուլիվերի ճանապարհորդությունները

 

 

 

 

 

 

 

 

1726 թ. Լոնդոնում լույս է տեսնում «Ճանապարհորդություններ դեպի աշխարհի մի քանի հեռավոր երկրներ. չորս մասից բաղկացած պատմություն` գրված Լեմուել Գուլիվերի կողմից, ով սկզբում վիրաբույժ էր, հետո նավապետ մի քանի նավերի վրա» երկարաշունչ վերնագրով մի գիրք: Հեղինակի`գրող և հոգևորական Ջոնաթան Սվիֆտի նպատակն իր խոսքերով ավելի շատ աշխարհը զայրացնելն էր, քան զվարճացնելը: Սակայն տեղի ունեցավ անսպասելին. «Գուլիվերը» հանրահայտ դարձավ հրատարակվելուն պես` հավասարապես հմայելով մանուկներին ու բարձրաստիճան այրերին: Իռլանդացի հանրահայտ գրողի չորս երևակայական ճամփորդությունները, որ իրականում քաղաքական սատիրա էին Միացյալ թագավորությունում տիրող բարքերի հանդեպ, այնքան ներդաշնակ էին փոքրիկ ընթերցողի գրական ճաշակին, այնքան նրա սրտով էին, որ մեկընդմիշտ դարձան մանկական ընթերցանություն, թեև առանձին դվագներ ամենևին հարմար չէին մանուկների համար: Գրքում փոթորիկների, մակընթացությունների, ալիքների քմահաճույքին հանձնված նավերի ու ժայռերին բախվող մակույկների այնպիսի հանգամանալից ու վառ նկարագրություններ են, որ թվում է` հեղինակն ինքը փորձված ծովային է եղել: Վեպն ամբողջությամբ ծովային անհավանական ճանապարհորդությունների գեղարվեստական արձանագրություն է: Բոլոր չորս պատմությունները սկսվում են միանգամայն իրական միջավայրում, որտեղ չկա արտառոց որևէ բան: Սակայն բոլոր չորս մասերում էլ Սվիֆտը կիրառում է հրաշալի մի հնարք` ճշգրիտ աշխարհագրական տեղանուններին ու կոորդինատներին (Մադագասկարի նեղուց, Արևելյան Հնդկաստան, Բրիստոլ, Բարեհուսո հրվանդան) կցելով մտացածին ու երևակայական աշխարհների նկարագրություններ: Քարտեզի վրա «կապույտին տվող» իրապես գոյություն ունեցող ծովերով Գուլիվերը հասնում է հեռավոր, բոլորին անհայտ աշխարհներ` Լիլիպուտիա, որտեղ մարդիկ մատնաչափ են, իսկ թագավորական ողջ նավատորմը կարելի է մի ձեռքով հավաքել ու քարշ տալ, հսկաների աշխարհ, որոնց ձեռքի ափին սովորական մարդը կարող է ազատ հետուառաջ երթևեկել, թռչող կղզի և խոսող ձիերի երկիր:

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

Ես կրկին թողի իմ հայրենի երկիրն ու 1702 թվի հունիսի 20-֊ին նստեցի «Էդվենչըր» նավը, որը մեկնում էր դեպի Սյուրատ։ Քամին, մինչև Բարեհուստ հրվանդանը, հաջողակ էր․ այստեղ մենք խմելու ջրի համար ափ իջանք․ ….Ապա մենք պարզեցինք առագաստները և անփորձ շարունակեցինք մեր ճանապարհորդությունը մինչև Մադագասկարի նեղուցն անցնելը։ Սակայն երբ դուրս եկանք այդ կղզուց դեպի հյուսիս, մոտավորապես հարավային լայնության 5 աստիճանը, ուր քամիներն այդ ծովում, ինչպես նկատված էր, դեկտեմբերի սկզբից մինչև մայիսի սկիզբը եղել էին միշտ հանդարտ, ապրիլի 19֊ ին սկսեցին ավելի սաստկանալ…

* * *

…հանկարծ նկատեցի, որ մի հսկա արարած ծովի մեջ, ամբոջ թափով, նրանց հետապնդում է։ Ջուրը հասնում էր մինչև նրա ծնկները, ու նա ծովի մեջ վիթխարի քայլեր էր անում։ Բայց որովհետև արդեն կես լիգ նրանից հեռացել էին և ծովն էլ այդ կողմերը լիքն էր սրածայր ապառաժներով, հրեշը չէր կարողանում հասնել մակույկին։ Այդ ամենի մասին ինձ հետո պատմեցին, որովհետև ես անկարող էի կանգնել ու դիտել այդ հետապնդման ելքը, այլ ամբողջ ուժով ծլկեցի։ Խիստ հևալով ես մագլցեցի մի ժայռի վրա, որտեղից կարող էի գաղափար կազմել շրջակայքի մասին։ Հողը կանոնավոր մշակված էր, սակայն մի բան, որ ինձ զարմացրեց ամենից առաջ, դա մարգագետինների խոտն էր, որի բարձրությունը մոտ քսան ոտնաչափ էր։

                         * * *

Սակայն չհոգնեցնելու համար ընթերցողին իմ դժբախտության մանրամասն նկարագրությամբ, բավական է, եթե ասեմ, որ հինգերորդ օրը ես հասա իմ նկատած վերջին կղզին, որն ընկած էր նախկին կղզուց դեպի հարավ ― հարավ֊արևելք։ Այդ կղզին ավելի հեռու էր, քան ես կարծում էի, ուստի առնվազն հինգ ժամից հասա նրա ափերին։ Ես համարյա թե պտտեցի նրա չորս կողմը, մինչև որ կարողացա հարմար տեղ գտնել իջնելու համար․ դա մի փոքրիկ ծովախորշ էր, մոտ երեք անգամ իմ մակույկից լայն։ Կղզին ամբողջովին ժայռոտ էր, տեղ-֊տեղ միայն կար դալար խոտ և անուշահոտ ծաղիկներ։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով