Շապիկի նկարը Կազու Կիբուիշիի

Ջ.Ք. Ռոուլինգ, Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը

Թերևս քիչ կան գրքեր, որտեղ խաղն այնքան կարևորված լինի, որքան «Հարրի Փոթեր» վիպաշարի հատորներում: Այստեղ հարուստ ու հետաքրքիր խաղացանկ է ներկայացված` գոլֆ, պայթուցիկ թուղթ, կախարդների շախմատ… Վերջինս քերոլյան սկզբունքով օգնում է խիզախ ու անբաժան ընկերներին` Ռոնին, Հերմայոնիին ու Հարրիին հաղթահարել Արգելված սենյակի խոչընդոտները:  Վիպաշարի ամենակարևոր թեմաներից մեկը քվիդիչն է` կախարդների և վհուկների գլխավոր ժամանցը: Խաղում են այն կախարդական ավելներին հեծած: Դեռ հարց է` որն է ավելի կարևոր. քվիդիչի հերթական խաղում հաղթելը թե կիսամյակը բարձր գնահատականներով փակելը: Հերոսների տարաձայնություններն անգամ տեղափոխվում են խաղադաշտ: Հարրիի գլխավոր առավելություններից մեկը քվիդիչի` բացառիկ հմտությամբ ու ճարպկությամբ օժտված որսկան լինելն է: Հավասարության նշան է դրվում աղջիկ և տղա կախարդների միջև: Մոգական ավելարշավներին, որ ավանդաբար վհուկների մենաշնորհն էր, մասնակցում են նաև տղա կախարդները: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Ռոուլինգը արդարության մեծ մարտիկ է:

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

Հաջորդ սենյակն այնքան մութ էր, որ բոլորովին ոչինչ չէր երևում: Բայց երբ ներս մտան, ողողվեց լույսով, ու ապշեցուցիչ մի տեսարան բացվեց նրանց առջև: Կանգնած էին շախմատի հսկա խաղատախտակի եզրին՝ սև խաղաքարերի հետևում, որոնք բոլորը չափերով իրենցից բարձր էին և տաշած սև քարի նման ինչ-որ նյութից: Սենյակի մյուս կողմում սպիտակ խաղաքարերն էին: Երեքի մարմնով էլ թեթև դող անցավ. վիթխարի սպիտակ քարերն անդեմ էին:

***

   -Սա,- ասաց Վուդը,- ոսկե սնիչն է` բոլոր գնդակներից ամենակարևորը: Այն բռնելը չափազանց դժվար է, որովհետև շատ արագ է թռչում և գրեթե անտեսանելի է: Նրան բռնելը որսկանի գործն է: Պետք է անցնես հարձակվողների, պաշտպանների, բլաջերների ու քվոֆլի արանքով, որ կարողանաս սնիչը բռնել, նախքան մյուս թիմի որսկանը կհասցնի այդ անել: Որ թիմի որսկանը սնիչը բռնեց, այդ թիմն էլ լրացուցիչ հարյուր հիսուն միավոր է ստանում, և, որպես կանոն, նա էլ հաղթում է: Հենց այդ պատճառով էլ որսկանների հետ միշտ էլ ամենակոպիտն են խաղում: Քվիդիչի խաղն ավարտվում է միայն այն դեպքում, եթե սնիչն արդեն բռնել են, այլապես խաղը կարող է անվերջ շարունակվել: Որքան գիտեմ, քվիդիչի ամենաերկար խաղը երեք ամիս է տևել: Անգամ ստիպված են եղել պահեստայիններ բերել, որպեսզի հիմնական խաղացողները գնան քնելու: Ահա այսքանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով