Շապիկի նկարը Նիկոլետտա Կոստայի

Ջաննի Ռոդարի, Երկնագույն նետը

«Երկնագույն նետը»… ավելի հարմար անուն ճեպընթացի համար թերևս հնարավոր չէ ընտրել: Ջաննի Ռոդարիի այս հետաքրքիր վիպակը պատմում է արկածներով ու վտանգներով լի մի երկար ճամփորդության մասին, որ կատարում են խիզախ ճանապարհորդները Հայտնության տոնի նախօրեին: «Ի՞նչ մի զարմանալի բան կա գնացքով ճամփորդելու մեջ»,- կհարցնեք: Իսկապես: Այդ ո՞վ գնացք չի նստել: Բանն այն է, որ «Երկնագույն նետի» ուղևորները խաղալիքներ են` Ատվածահայտնության տոնի նախօրեին հրաշքով կենդանացած խաղալիքներ: Գնացքն ինքը նույնպես խաղալիքը է, բայց այն անվախ ճամփորդում է քաղաքի փողոցներով ու անցնում աներևակայելի փորձությունների միջով, հաղթահարում ամեն դժվարություն: Ասենք, որ Ջաննի Ռոդարին մի առանձնահատուկ սեր է տածում դեպի գնացքները: Հիշո՞ւմ եք` ինչ է գրում նա Չիպոլինոյի` քաջարի սոխուկ տղայի մասին պատմության մեջ. «Գնացքին նայելը միշտ էլ հետաքրքիր է: Տեսնում ես, թե փնչալով ու ծուխ արձակելով` ինչպես է անցնում շոգեքարշը, իսկ պատուհանից երևում է մեքենավարը»:

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

Հաջորդ օրը Ֆրանչեսկոն վերադարձավ և թախծոտ աչքերը նորից հառեց Երկնագույն Նետին: Եկավ նաև երրորդ օրը և մյուս բոլոր օրերին: Երբեմն նա կանգնում էր միայն մի քանի րոպե, ապա փախչում՝ առանց հետ նայելու, երբեմն էլ երկար մնում էր՝ քիթը սեղմած ցուցափեղկի ապակուն, խարտյաշ մազափունջը ճակատին: Նա քնքշորեն նայում էր նաև մյուս խաղալիքներին, բայց երևում էր, որ միայն էլեկտրական գնացքն էր սիրտը գերել:

       * * *

Բայց Երկնագույն Նետի Մեքենավարը հնչեցրեց շչակը, Կայարանապետը սուլեց, Գնացքի Պետն սկսեց կանչել.

— Սինյորնե՛ր, շտապե՛ք գնացք բարձրանալ: Մենք շարժվում ենք: Սինյորնե՛ր, գրավե՛ք ձեր տեղերը:

Տիկնիկները, վախենալով գնացքից ուշանալուց, իրար անցան: Ուղեկցորդը դանդաղ էր աշխատում, և կովբոյներն ու հեծյալ հնդկացիներն օգնում էին նրան: Դիպուկահարները տեղավորվեցին վագոնի տանիքին, իսկ Կեսմորուք Նավապետի առագաստանավը բարձեցին բեռնավագոնի վրա:

* * *

Տնակի առջև, աջ ու ձախ կողմերում երկաթյա օձերի նման անծայր ռելսերն էին ձգվում: Եվ ի՜նչ ռելսեր: Երկնագույն Նետի երկաթուղայինները անգամ երազում այդպիսի ռելսեր չէին տեսել: Իսկ գնացքնե՜րը: Գետինը սկսում էր դողալ նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք դեռ շատ հեռու էին: Հետո աղմուկն ահագնանում էր, նմանվում փոթորկի ոռնոցի. չխլանալու համար ականջներդ պետք է փակեիր: Ահա հայտնվեց գնացքը՝ ասես հսկա քաղաք լիներ անիվների վրա: Վագոնները մեծ էին տների պես՝ հարյուրավոր լուսավորված պատուհաններով:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով