Շապիկի նկարը Նիկոլետտա Կոստայի

Ջաննի Ռոդարի, Երկնագույն նետը

Այդ տարի Սուրբ Ծննդին առատ ձյուն եկավ: Ձյան ճերմակ, տռուզ փաթիլներն անձայն տեղացին քաղաքի վրա, ծածկեցին տանիքներն ու փողոցները, տրամվայի գծերն ու արձանները, լցրեցին ճանապարհները` թաքցնելով բոլոր հետքերը: Խանութի ցուցափեղկին կանգնած` խաղալիքները հետևում էին ձյունապատ փողոցի անցուդարձին` հնազանդ իրենց «լարովի» ճակատագրին ու խանութի քմահաճ տիրուհու` պառավ Բեֆանայի կամքին: Իմանալով, որ Բեֆանան, որ նաև Ատվածահայտնության տոնի նվիրատու ոգի է, այդ տարի նվերներից զրկելու է Ֆրանչեսկո անունով չքավոր, բայց ազնիվ ու բարի մի տղայի, ցուցափեղկին դրված խաղալիքներն ըմբոստանում են: «Երկնագույն նետ» անունով հրաշալի գնացքը, Կայարանապետը, Կեսմորուք նավապետը, հնդկացիները, տիկնիկները, Արջուկն ու Կտորե շնիկը փախչում են խանութից` որոշելով նվերներ տալ բոլոր այն երեխաներին, ովքեր իրենց ծնողների պարտքերի պատճառով Սուրբ Ծննդին ու Աստվածահայտնության տոնին նվերներ չէին ստանալու: Այսպես սկսվում է հրաշքով կենդանացած խաղալիքների զարմանալի ճանապարհորդությունը ձյունապատ քաղաքով:

 

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

Ցուցափեղկում կային նաև տարբեր չափերի տիկնիկներ, դեղին արջուկ, կտորից շնիկ՝ Մանրիկ անունով, գունավոր մատիտների մի տուփ, երեք խամաճիկներով փոքրիկ թատրոն և երկկայմ առագաստանավ. կամրջակին նյարդայնացած հետուառաջ էր անում նավապետը. մտացրիվ մեկը նրա մորուքի միայն կեսն էր կպցրել, և խեղճը ջանում էր թաքցնել դեմքի անմորուք մասը, որ անճոռնի չերևա:

***

 Փախստականները մոտեցան մահճակալին: Ես ձեզ չեմ հավատացնի, որ բոլոր սրտերը հանգիստ էին տրոփում: Տիկնիկները վախից դեռ ուշքի չէին եկել և թաքնվեցին Դեղին Արջուկի թիկունքում: Արջուկն այդ խառնաշփոթից ոչինչ չէր հասկանում:   Ասենք, որ մի քիչ հիմարիկ էր: Ուղեղը թեփից էր, այդ պատճառով էլ շատ դանդաղ էր մտածում և միանգամից երկու բան ընկալել չէր կարողանում:

Փոխարենը հրաշալի տեսողություն ուներ: Արջուկն առաջինը նկատեց, որ թշնամու տեղ են դրել քնած երեխայի: Նա զգաց, որ շատ է ուզում մահճակալի վրա թռչել և երեխայի հետ խաղալ. նույնիսկ չմտածեց, որ քնած երեխաները սովորաբար արջուկների հետ չեն խաղում: Երեխան մի սովորական տղա էր: Դուք նույնիսկ չէք իմանա, թե ինչ գույն ունեն նրա աչքերը, որովհետև դրանք փակ էին:

 ***

 Բեֆանան եկել և քեզ համար Դեղին Արջուկ է բերել: Մի հրաշալի արջուկ: Ես նրան լավ եմ ճանաչում. շատ անգամ եմ տեսել հայելու մեջ: Նրա մեջքին   բանալի կա, և երբ արջուկին լարում ես, նա այնպես է պարում, ինչպես արջերը պարում են տոնավաճառներում և կրկեսներում: Հիմա ես քեզ ցույց կտամ:

Դեղին Արջուկը սկսեց ծռմռվել, որ թաթով բանալուն հասնի և լարի: Մեծ դժվարությամբ դա ի վերջո հաջողվեց նրան: Նա պտտեցրեց բանալին և հասկացավ, որ իր հետ տարօրինակ բան է կատարվում: Սկզբում մարմնով դող անցավ, հետո ուրախանալու մեծ ցանկություն զգաց: Դողը իջավ ոտքերը, և Արջուկն սկսեց պարել:

Դեռ երբեք Դեղին Արջուկն այդքան լավ չէր պարել: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով