Շապիկի նկարը Ռեջինալդ Բ. Բըրչի

Ֆ. Հոջսոն Բրնեթ, Փոքրիկ արքայադուստրը

«Փոքրիկ արքայադուստրը» մանկան երևակայության խաղը ներկայացնող ամենաշնորհալի պատմություններից է: Տիկնիկը, ինչպիսին էլ այն լինի` քրջե համեստ պուպրիկ թե հարուստ «բաժինքով» անգին խաղատիկին, կարևոր դեր ունի աղջիկ երեխայի կյանքում: «Տիկնիկ չունեցող փոքրիկ աղջիկը գրեթե   նույնքան դժբախտ է, որքան անզավակ կինը»,- գրում էր Վիկտոր Հյուգոն` նկարագրելով  իր հերոսուհու` փոքրիկ Կոզետի ինքնամոռաց խաղը տիկնիկի հետ: Բազմաթիվ աղջնակների համար տիկնիկն ունի համր ու համբերատար ունկնդրի և խորհրդատուի դեր: Անխոս ունկնդրի դեր է հատկացված նաև Բրնեթի վեպի հերոսուհու` Սառայի տիկնիկին` Էմիլիին, որը, տիրուհու համոզմամբ, շնչավոր արարած է, թեև խնամքով «թաքցնում է» այս իրողությունը: Տիկնիկին շնչավոր համարելը մանկանոցի ամենամնայուն հավատալիքներից է: Այս մարդացման շնորհիվ տիկնիկն օգնում է Սառային ապրելու մեկ ուրիշ` հորինված` ավելի կատարյալ աշխարհում:

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

Գուցե հենց այդպես էլ կար։ Տիկնիկն իսկապես շատ խելոք հայացք ուներ։ Սառան գրկեց նրան. բավականին մեծ տիկնիկ էր, բայց` ոչ այնքան, որ չկարողանային գրկած տանել։ Մուգ ոսկեգույն մազեր ուներ, որ գեղեցիկ թիկնոցի պես ծածկում էին նրան: Աչքերը մուգ, ջինջ կապտամոխրագույն էին։ Փափուկ, խիտ արտևանունքներ ուներ, որ իսկական էին, ոչ թե` պարզապես նկարված գծիկներ:… Էմիլիին գնեցին ու տարան մանկական դերձակի մոտ, որ չափերն առնեն։ Նրա համար նույնպես շքեղ հագուստներ պատվիրեցին. ժանյակե, թավշե, մուսլինե զգեստներ, թիկնոցներ ու գլխարկներ, նրբագեղ ժանեկազարդ սպիտակեղեն, ձեռնոցներ, թաշկինակներ ու մորթեղեն։

                                                        ***                                                            

Կան բաներ, որ տիկնիկները կարող են անել, բայց չեն ուզում, որ մենք իմանանք այդ մասին։ Գուցե Էմիլին կարող է և՛ կարդալ, և՛ խոսել, և՛ քայլել։ Բայց այդ ամենն անում է, երբ սենյակում մենակ է։ Այդ նրա գաղտնիքն է։ Եթե մարդիկ իմանան, որ տիկնիկներն ամեն ինչ հասկանում են, կստիպեն նրանց աշխատել։ Դրա համար էլ բոլոր տիկնիկները միմյանց հետ պայմանավորվել են ցույց չտալ, թե իրենք ինչքան բան կարող են անել։ Քանի մենք սենյակում ենք, Էմիլին կմնա անշարժ, և լուռ` մի կետի կնայի։ Երբ դուրս գանք, նա կսկսի կարդալ, կարող է մոտենալ պատուհանին ու դուրս նայել: Բայց հենց լսի, որ մոտենում ենք, իսկույն իր տեղը կգնա, կցատկի աթոռին ու կձևացնի, թե երբեք էլ չէր իջել այնտեղից։ Հետո Սառան արագ շրջեց դռան բռնակն ու կրնկի վրա բացեց այն: Երևաց մաքուր ու կոկիկ հարդարված սենյակը։ Բուխարիում հանդարտ վառվում էր կրակը։ Բուխարու կողքի աթոռին նստած էր մի սքանչելի տիկնիկ ու գիրք էր կարդում։

                                               ***

Նա նստեց հատակին ու սնդուկը բանալիով բացեց։ Մյուս աղջիկները խմբվեցին շուրջը, և Սառան սկսեց հատ-հատ շորերը ցույց տալ։ Նման իրարանցում դպրոցում երբեք չէր եղել։ Ինչե՜ր ասես, որ կային այնտեղ. ժանյակե օձիքներ, մետաքսե գուլպաներ ու թաշկինակներ, ծովարջի մորթի ու ձեռնամուշտակ, պարահանդեսի, զբոսանքի, հյուր գնալու և տնային զգեստներ, գլխարկներ ու հովհարներ, զարդատուփ` մեջը վզնոց ու թագ` իսկական ադամանդներ հիշեցնող քարերով: Նույնիսկ Լավինիան ու Ջեսսին էին մոռացել, որ տիկնիկով խաղալու համար արդեն շատ մեծ են և, հրճվանքի ճիչեր արձակելով, զննում էին տիկնիկի օժիտը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով