Կան գրքեր, որ հայտնի են բոլորին. նրանց, ովքեր կարդացել են, նաև նրանց, ովքեր չեն կարդացել, սակայն այդ երկերի համբավն այնպիսին է, որ գոնե լսել են կամ գիտեն այնտեղ ամփոփված պատմությունը մեկ ուրիշի պատմելով: Այդպիսին է Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպը: Դեֆոյի հերոսն ապահով ու բարեկեցիկ կյանքի սովոր անգլիացի է, որ թողնում է ամեն ինչ` տեղի տալով ճամփորդելու անհաղթահարելի գաղթակղությանը: Ռոբինզոնին այլ աշխարհներ ձգող անդիմադրելի ուժը ճանապարհի անձուկով է «վարակում» նաև ընթերցողին, անձուկ, որ այլևս երբեք չի լքի նրան, բայց և կպարգևի վայելք, որի հետ ոչ մի այլ հաճույք չի կարող համեմատվել: Սակայն ճամփորդության հաճույքը շատ թանկ գին ունի: Ռոբինզոնն ի վերջո մեն-մենակ հայտնվում է անմարդաբնակ կղզում, որտեղ հանապազօրյա համառ աշխատանքի շնորհիվ կարողանում է ոչ միայն ողջ մնալ, այլև ապրել հետաքրքիր և բովանդակալից կյանքով: Անմարդաբնակ կղզին դառնում է Ռոբինզոնի դրախտն ու փորձությունների վայրը: Նա ասես իր անձնական օրինակով կրկնում է մարդկության պատմությունը: Դեֆոյի Ռոբինզոնը խորհրդանիշ է համառության, ինքնաբավ կեցության, իսկ նրա հանրահայտ ճամփորդությունը շարունակում է մնալ ծովային ուղևորությունների երևելի գրական խորհրդանիշ: