Շապիկի նկարը Մանուելա Ադրեանիի

Կառլո Կոլլոդի, Պինոկիո

Փայտե մարդուկի` Պինոկիոյի պատմությունն արդեն վաղուց` 1883թ.-ից դարձել է պատանի ընթերցողների ամենասիրած զրույցներից մեկը: Կենդանացող տիկնիկը կայացած կերպար է թե՛ ժողովրդական հեքիաթներում, թե՛ մանկական գրականության մեջ: «Ծնված» օրվանից Պինոկիոյի երազանքն է իսկական տղա դառնալ, որին նա գրքի ավարտին հասնում է համառ աշխատանքի ու խոհեմության շնորհիվ: Թեև Պինոկիոն ընդամենը փայտե խամաճիկ է` բուրատինո, սակայն Կառլո Կոլլոդին հմտորեն օժտում է նրան հողեղեն տղայի առաքինություններով ու թերություններով: Պինոկիոն ջերմորեն սիրում է իր խեղճ, ծեր հորը` վարպետ       Ջեպետոյին, սակայն նրա խելքն ու միտքը խաղն է: Իսկ խամաճիկ հերոսի ընտրությունը թերևս բնական է մի մշակույթի համար, որտեղ խամաճիկների արվեստը դարավոր պատմություն ունի և այդ մշակույթի կարևորագույն մաս է կազմում: «Պինոկիոյի» սեղմ, վերապատմված հրատարակությունը հասցեագրված է կրտսեր տարիքի ընթերցողներին, ում համար պատկերը նույնքան կարևոր է, որքան տեքստը: Պինոկիոյի պատմությունը գրավում է իր անմիջականությամբ, անհավանական արկածների դիպուկ նկարագրությամբ և, անկասկած, մարտահրավեր է փոքրիկ ընթերցողին` հետագայում կարդալ գրքի ամբողջական տարբերակը:

 

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

Հաջորդ օրը խամաճիկը պատրաստ էր դպրոց գնալու։ Ահա նա, հպարտ քայլում է ճանապարհով՝ փայտե գլխում՝ լավագույն մտադրություններ։ Շուտով, շատ շուտով Ջեպետոն կհամոզվի, որ իր որդին իսկապես փոխվել է։ Ա՜խ, ինչպես է սովորելու՝ բոլորից լավ։ Այս մտքերի հետ էր Պինոկիոն, երբ հանկարծ հեռվից ականջին սրնգի ու թմբուկների ձայն.

-Տու-տու-տու՜, թմբ-թմբ, տու-տու-տու՜, թմբ- թմբ….

Տեսնես՝ որտեղի՞ց է լսվում այս երաժշտությունը,- մտածեց Պինոկիոն,- անպայման պետք է պարզեմ։ Ինչ լինում է՝ լինի։ Այսօր կգնամ …ու թմբուկ լսելու, դաս ու դպրոցը՝ վաղը, չեն փախչի,- մտածեց փոքրիկ չարագործն և ուսերը թոթվելով՝   ճանապարհը փոխեց։

***

Հանկարծ հայտնվեց թատրոնի տերը՝ հսկայամարմին ու արտակարգ տգեղ մի մարդ. մորուքը թանաքի պես սև էր ու այնքան երկար, որ քայլելիս ոտքերի տակն էր ընկնում։ Բերանը հնոցի պես լայն էր, աչքերը՝ մեկ-մեկ կարմիր ճրագ։ Ձեռքին պահում էր օձի կաշվից ու աղվեսի պոչերից պատրաստած մտրակը։ Այս քայլող սարսափի անունը Մանջաֆոկո էր՝ Բոցակեր։

***

Խաղալիքների աշխարհը մի աներևակայելի վայր էր, որի նմանը ուրիշ ոչ մի տեղ չեք գտնի։ Բնակիչները բացառապես տղաներ էին։ Ամենուր նրանց զրնգուն ծիծաղն էր և ուրախ ձայները։ Փողոցներում խում-խումբ տղաներ էին հավաքված և տարբեր խաղեր էին խաղում. ով՝ գնդակ, ով՝ պահմտոցի, ով էլ՝ աչքակապուկ։ Մի քանի տղաների ձեռքին կոնֆետով լի հսկա տոպրակներ էին, մյուսներն ուրախ-զվարթ ցատկոտում էին։ Պատերին զարմանալի գրություններ կային։ Մի տեղ, օրինակ՝ ածխի կտորով գրված էր. «Կորչի թվանավությունը», իբրև թե՝ «թվաբանությունը», մի ուրիշ տեղ էլ՝ «ոչ մի դռբոց», իբրև թե՝ «դպրոց»։ Տղաները սուլում էին, գազանի ձայներ հանում, անշնորհք երգեր երգում, մի խոսքով՝ կատարյալ գժանոց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով