Մերի Լենոքսը, կամակոր ու քմահաճ մի աղջիկ, համաճարակին զոհ գնացած ծնողների մահից հետո ստիպված է լինում Հնդկաստանից վերադառնալ Անգլիա և բնակվել առեղծվածներով լի յորքշիրյան հին ու մռայլ մի կալվածքում: Աղախինը նրան հայտնում է, որ հսկա կալվածքի պարտեզներից մեկը կողպված է, իսկ բանալին թաղված հողի տակ: Համառ ու հետաքրքրասեր աղջիկը որոշում է ամեն գնով գտնել խորհրդավոր պարտեզի բանալին: Սկսվում են երեք երեխաների` Մերիի, նրա զարմիկի` Քոլինի և փոքրիկ գեղջուկ տղայի` Դիքոնի զարմանալի արկածները: Ֆ.Հ. Բրնեթի վեպը բնության ու մարդ արարածի խորհրդավոր, բայց անժխտելի ներդաշնակության, ոգեղեն զարթոնքի մասին պատմող գողտրիկ ու սքանչելի մի պատմություն է, վիկտորյան մանկական արձակի լավագույն նմուշներից: