Բալզակը շատ խելոք մի շուն է` օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով: Լևոն Նեսի վիպակը գալիս է լրացնելու մարդացած կենդանիների մասին կամ նրանց կողմից «շարադրվող» երկերի շարքը. հուշեր, օրագրեր… Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ արդյո՞ք բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, թույլ է տալիս անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:
Վիպակը, որ Լևոն Նեսի առաջին հայերեն ստեղծագործությունն է, շարադրված է առաջին դեմքով. գրական հնար, որ ուրույն հավաստիություն է հաղորդում պատմությանը
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
.. Քնած ժամանակ հաճախ եմ տեսնում մայրիկին: Չեմ հասկանում ինչպես. հերիք է բացեմ աչքերս, նա անհետանում է՝ անտեսելով իմ կանչը: Եվ այդ պատճառով ես սիրում եմ քնել, ու սիրում եմ, երբ մայրիկն ու եղբայրս հետս են: Արթնացա, երբ արդեն լրիվ լուսացել էր: Գլուխս դուրս հանեցի ծածկոցից, և սպիտակ լույսն ինձ կուրացրեց գրեթե այնպես, ինչպես ծննդյանս օրը: Որոշ ժամանակ ոչինչ չէի տեսնում, ու աչքերս ցավում էին լույսից, բայց հիմա ամեն ինչ իր տեղն ընկավ: Հողը սպիտակ ու թաց է դարձել: Չեմ հասկանում՝ ոնց: Երբ պառկում էի քնելու, շուրջբոլորս չոր խոտ էր, իսկ հիմա ամեն ինչ պատվել էր սպիտակով:
…Սկսեցի ավելի հաճախ զբոսնել քաղաքով: Ես գրեթե երբեք նույն տեղում երկու անգամ չեմ գիշերում: Մարդիկ, իհարկե, ինչպես մտածում էի, ոչ միշտ են բարի, բայց ես տեսնում եմ, որ նրանց ներկայությունը կենդանություն է հաղորդում աշխարհին: Չնայած կարծում եմ պատճառն այն է, որ ընկերներ չունեմ, և ուրիշ շներ հետս ընկերություն չեն անում: Միգուցե՝ եթե ես էլ ընկեր ունենայի, իմ օրերն էլ դառնային ավելի պայծառ ու տոնական: Ահա, միայն մի ընկեր ունեի, նրան էլ տարան: Բայց ոչինչ: Ես չեմ նեղվում: