Կլոդ Ռուայի վիպակը պատմում է մի հարգարժան ծեր տիկնոջ ու նրա զարմանալի կանաչ-կապույտ կատվի` Բաղձալի Բարովեկածի մասին: Գուցե անունը ձեզ տարօրինակ է թվում, բայց ի՜նչ արած: Այս կենդանու «ծննդյան հանգամանքներն» առանձնահատուկ էին… Բաղձալի Բարովեկածը հյուսկեն փիսո էր: Կատվին իր շյուղերով հյուսել էր նրա բարեսիրտ տիրուհին, որը երջանկության մասին իր յուրօրինակ պատկերացումներն ուներ: Ի դեպ, այսօրվա ընթերցողին արտասովոր կատվազգիներով չես զարմացնի: «Բաղձալի Բարովեկածից» մի երկու տարի առաջ հայերեն «վերածնվեց» Ջաննի Ռոդարիի «կավճանկար» կաղլիկ կատուն, որը նույնքան աչքաբաց և ուշիմ էր, որքան Կլոդ Ռուայի հերոսը:
ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ
Մորաքույր Սելինին բոլորն էլ շատ էին սիրում: Այնքան շատ, որ մորաքույր Սելինը դրանից իրեն ավելի դժբախտ էր զգում:
***
Կեսգիշեր էր: Սելինը գնալով ավելի քիչ էր ուզում քնել: Աչքը գցեց զարմուհիների նվիրած գույնզգույն բրդյա կծիկներով ու շյուղերով լի գեղեցիկ զամբյուղին, ու մտքով անցավ դրանք փորձարկել:
***
Ո՞ւմ կխանգարեր, եթե հիմա կողքիս կատու լիներ: Նա հարմարավետ կփռվեր ոտքերիս վրա, մռութը դեպի ինձ կպարզեր, որ սիրեմ, և հաճույքից կմռմռար: Նա կողքովս կքայլեր` պոչը դրոշակի նման վերև պահելով, թելի կծիկի հետ խաղ կաներ…