Շապիկի նկարը Էռնստ Հովարդ Շեփարդի

Ա.Ա. Միլն, Վինի Փու արջուկը

«Վինի Փու արջուկը» վիպակը մի լուսավոր ու հրաշալի խաղ է, իսկ հերոսները` Քրիսթոֆեր Ռոբինն ու Փու արջուկը` խաղի հմուտ վարպետներ: Նրանք մեկ ձևացնում են, որ Փուն ամպ է, որպեսզի մեղուները չնկատեն, մեկ, որ մեղրի կճուճն ու հովանոցը նավ են, որ ինչ-որ տեղ, դու մի ասա, կան Արևելյան ու Արևմտյան բևեռներ, բայց մեծերն այս մասին անհայտ պատճառով գերադասում են լռել: Վեպի միակ մարդ հերոսը Քրիսթոֆեր Ռոբինն է. երազկոտ ու փոքր-ինչ տրտում տղան, որի բարեկամները նրա խաղալիք ընկերներն են` Իյոր Իշուկը, մշտապես տխուր ու ընկճված մի էակ, Կենգա կենգուրուն Ռու ձագուկի հետ, մեծագլուխ Բուն, որ բացառիկ սեր ունի «թուղթ ու գրի» ու անհասկանալի բառերի հանդեպ, Խոզուկը` ողջամիտ ու զգուշավոր մի արարած և, իհարկե, Վինի Փու արջուկը: Իր կճուճ նավը նստած` Արջուկը կտրում–անցնում է անհատակ ծովերը` պատրաստ փրկելու նեղության մեջ հայտնված իր փոքրիկ բարեկամներին և դառնում խաղին անձնատուր անհոգ տղայության ոսկե թովչանքի խորհրդանիշը:

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

Հետո երազ տեսավ: Արևելյան բևեռում էր: Շա՜տ ցուրտ բևեռ էր` չորս կողմը ձյուն ու սառույց: Արջուկը մեղվափեթակ գտավ, որ մեջը քնի, բայց ամբողջությամբ տեղ չարեց ու ստիպված ոտքերը դուրսը թողեց: Հետո եկան Արևելյան բևեռի բնակիչները` վայրի վուզելները, ու սկսեցին նրա ոտքերի բուրդը կծմծել ու պոկել, որպեսզի իրենց ձագերի համար տաք բույն սարքեն: Որքան շատ էին պոկոտում, այնքան շատ էին Արջուկի ոտքերը մրսում, մինչև որ հանկարծ տնքալով արթնացավ ու տեսավ, որ նստած է իր աթոռին, ոտքերը` ջրի մեջ, չորս բոլորը` ջուր:    

***

Այդ ժամանակ Արջուկը, նույն ինքը` Փու արջը, Վինի դը Փուն, Խ.Զ.-ն (Խոզուկի բարեկամը), Ճ. Ը.-ն (Ճագարի ընկերը), Մ.Բ.-ն (Մեծ բևեռախույզը), Ի. Մ.-ն և Պ. Գ.-ն (Իյորի մխիթարողն ու Պոչը գտնողը), նա ինքը` Փուն, այնպիսի խելացի բան ասաց, որ Քրիսթոֆեր Ռոբինը բերանն ու աչքեը լայն բացած նայեց նրան` ասես չհավատալով, որ դա նույն Անխելք արջուկն է, որին այնքան վաղուց ճանաչում էր ու սիրում:

***

Վինի Փու արջուկը ճոճվելով վայրէջք կատարեց: Խեղճի ձեռքերն այնպես էին բռնվել նույն դիրքով երկար մնալուց, որ մի ամբողջ շաբաթ այդպես էլ վեր պարզած մնացին: Երբ ճանճ էր գալիս ու թառում քթին, ստիպված էր լինում «փու» անելով ճանճին փչել քշել: Վստահ չեմ, բայց կարծեմ հենց սրա համար էլ անունը Փու մնաց:

***

Խոզուկը պառկել էր գետնին ու չէր հասկանում` ինչ կատարվեց: Սկզբում նրան թվաց, որ ողջ աշխարհն է պայթել, հետո մտածեց` աշխարհի միայն այն մասն էր պայթել, որտեղ անտառն էր, իսկ հետո մտածեց, որ միայն ինքն էր պայթել և հիմա մենակ-մենակ էր լուսնի վրա կամ մեկ ուրիշ տեղ և այլևս երբեք չէր տեսնելու ո՛չ Քրիսթոֆեր Ռոբինին, ո՛չ Փուին, ո՛չ Իյորին:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով