Շապիկի նկարը Ֆրենսիս Բեդֆորդի

Ջ. Մ. Բարրի, Փիթրը և Վենդին

Ջ. Մ. Բարրիի այս վիպակը մանկան հնարամիտ խաղերի գանձարան է, որոնց հիմքում «անժխտելի» ճշմարտություններ են. խաբարբզիկությունը ծանրագույն հանցանք է, դպրոց հաճախելը պատիժ, կյանքի համակ քաղցրությունն ամփոփված է մի անուշիկ տիկնոջ մեջ, անունը՝ Մայրիկ: Լացն այստեղ հաճախ սուտլացուկ է, մահը՝ սուտմեռուկ: Այս աննման ստերի շնորհիվ իրականը երևակայականից անջատող նուրբ սահմանն անհետանում է՝ փոխելով հնարավորի ու անհնարինի մասին մեր պատկերացումները: Պատմության գրեթե բոլոր իրադարձությունները, անգամ երկխոսությունները, խաղ են: Փիթր Փենին համբուրելու համար փոքրիկ հերոսուհին` Վենդին, ստիպված է դիմել բառախաղի. տարօրինակ ու քմահաճ ժամանց, որ երեխաները վայելում են, ինչպես նոր անուշեղենը՝ բառերին պարտադրելով իրենց հորինած իմաստները: Համբույրը, օրինակ, մատնոց է դառնում, մատնոցը՝ համբույր: Եվ մեր փոքրիկները քնքուշ մատնոցում են միմյանց: «Լավ բան է»,—համբույրի դուրեկան բնույթը գնահատելով՝ մեծավարի հաստատում է Փիթրը:

 

ՄԵՋԲԵՐՈՒՄՆԵՐ

… երբեք չէիր կարող ասել` ճաշն իսկական էր, թե` երևակայական: Ամեն ինչ կախված էր Փիթերի քմահաճույքից: Նա կարող էր իսկապես ուտել, եթե դա խաղի մաս էր կազմում: Բայց ուտել պարզապես կշտանալու համար, ինչպես բոլոր երեխաներն են անում… Ոչ, դա Փիթերի սրտով չէր: Երբեմն նա այնքան հմտորեն էր ձևացնում, որ անգամ երևակայական կերակրից էր գիրանում:

***

Փիթերը ծովին շատ մոտ էր թռչում ու դիպչում անցնող շնաձկների պոչերին, ինչպես մենք ենք փողոցով քայլելիս հարվածում մետաղյա ճաղերին: Մյուսների ուժերից վեր էին նման խաղերը: Փիթերն այդ անում էր ավելի շատ իրեն ցույց տալու համար` հաճախ շրջվելով, որ տեսներ մյուսները քանի շնաձկան պոչ էին բաց թողել:

 ***

Երկու ավագ երեխաները տուն-տունիկ էին խաղում: Իբրև Վենդիի ծնվելու օրն էր, և Ջոնն ասում էր.

— Պատիվ ունեմ հայտնել ձեզ, տիկի՛ն Դարլինգ, որ դուք մայր եք դարձել: — Պարոն Դարլինգն հենց այդպես էլ կասեր: Վենդին ուրախությունից պար եկավ` ճիշտ ու ճիշտ տիկին Դարլինգի նման: Հետո Ջոնը ծնվեց: Քիչ անց լոգարանից վերադարձավ Մայքլն ու պնդեց, որ ինքն էլ ծնվի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով