Oրնիբուն տանն անգործ թեք ընկած, ականջը մեծաբերան կնոջ հեգնանքի հեղեղին` Նազարը խորհրդածում է իր ազնվազարմ ծագման շուրջ` չկասկածելով անգամ, թե ինչ երևելի սխրանքներ են իրեն սպասում: Կինը` Ուստիանը, հետ չի մնում ամուսնուց` ինքն էլ փայփայելով իր երբեմնի ազնվազարմության կարոտախտը: Այսպես է սկսվում Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարը». հարատևորեն արդիական երկ, որ կարելի է համաշխարհային հեքիաթագրության լավագույն նմուշներից մեկը համարել:Նազարը, ինչպիսի ազնվազարմ տիտղոսով էլ հանդես գա, ազգային «հերոս» է շատ մշակույթներում` Անգլիայից Կամբոջիա, Գերմանիայից Ռուսաստան: Նրան «մեծարել» են Հովհաննես Թումանյանն ու Գրիմ եղբայրները, Ալեքսանդր Աֆանասևն ու Իտալո Կալվինոն, Ջոզեֆ Ջեքոբսն ու Ավետիք Իսահակյանը: Բայց մեր Նազարն ուրիշ է` «կենտրոն տիեզերաց»: Նրա կոտորած սոսկալի գազանների թիվը հասնում է հազարի: Լսվա՞ծ բան է: Գերմանացի դերձակի խփածը յոթ ճանճ է ընդամենը, Ալբիոնի խեղճ ու կրակ կոշկակարը մեկ դյուժին թևավոր է այն աշխարհ ուղարկում, իտալացի հերոսը` հինգ հարյուր: Մեր փահլևանը լիովին տիրապետում է ծույլպարոնի գերադրական ճարտասանությանը` «ես ասեմ հինգ, դու ասա հազար»: